«Ազատություն» բազմաֆունկցիոնալ համալիրի կոնցեպտը լրացնում է պողոտայի ճարտարապետական ուրույն ժառանգությանը. «Ստորակետ» 

25 մարտի, 2024  10:46

Տեղական և միջազգային խոշոր ներդրումներով Ազատություն 26/1 հասցեում կառուցվում է «Ազատություն» բազմաֆունկցիոնալ համալիրը։ Այն ունի ինքնատիպ և տարբերվող ճարտարապետություն, որի հեղինակը հայտնի «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցն է։ «Ստորակետ» համահիմնադիր, գլխավոր ճարտարապետ Նարբեհ Բեդրոսյանը և «Ազատություն» նախագծի ղեկավար Աիդա Այդինյանը պատմում են համալիրի ճարտարապետական կոնցեպտի ստեղծման և նախագծման ընթացքում հանդիպած մարտահրավերների, կարևոր ու հետաքրքիր մանրամասների մասին։ 

Տարածքը թելադրում էր իր «պահանջները» 

Նարբեհ Բեդրոսյան. Առաջին հերթին մեզ համար մարտահրավերային էր տվյալ տարածքն ու այդ դիրքում համալիր նախագծելը։ Ընտրված վայրը Երևանի հյուսիսային մուտքն է, մեր առջև խնդիր էր դրված ստեղծել այնպիսի կոնցեպտ, որը քաղաք եկող հյուրերի համար կլիներ տպավորիչ, կունենար ասելիք ու ձեռագիր։ Մյուս կարևոր սկզբունքը մեզ համար՝ որպես ճարտարապետական արվեստանոց, վայրի ու հարակից կառույցների լիարժեք ուսումնասիրությունն էր, որպեսզի ստանայինք պողոտայի մյուս տարրերին ու ճարտարապետական նշանակություն ունեցող շենքերին համապատասխան կոնցեպտուալ համալիր։ Ուստի մեր թիմը խորը և բազմակողմանի վերլուծություններ է իրականացրել։ 

Աիդա Այդինյան. Հստակ նպատակ ունեինք՝ լրացնել ու ամբողջացնել Ազատության պողոտայի ճարտարապետական շղթան, ձևավորել ներդաշնակ միջավայր։ Ուսումնասիրել ենք Բաբայանից մինչև Ադոնց փողոցների շենքերը, ժամանակաշրջաններն ու ճարտարապետներին։ Պատասախանատվությունն էլ ավելի մեծ էր. պետք է ստեղծեինք այնպիսի համալիր, որը կընդգծեր եղածի կարևոր արժեքը։ Ուստի նախագծային տարածքի շրջակա միջավայրն ու Ազատության պողոտայի ուսումնասիրություններից հետո նախագծի համար որպես գաղափարական հիմք ընդունվեց հնի արժևորումն ու նորովի ներկայացումը՝ շեշտ դնելով թե՛ ԽՍՀՄ ժամանակաշրջանի մոդեռնիստական ճարտարապետության, և թե՛ առհասարակ հայկական ճարտարապետության վրա։ 

01.jpg (296 KB)

«Ազատություն» համալիրը շարունակում է պողոտայի ճարտարապետական հետագիծը

Աիդա Այդինյան. Նախորդ սերունդների ճարտարապետության մեջ զգալի տեղ է գրավել արվեստը՝ մասնավորպես քանդակագործությունն իր առանձին դրսևորմամբ, որն Ազատության պողոտայում առավել քան ակնառու է։ Մեծանուն ճարտարապետների կերտած գրեթե բոլոր կառույցները հագեցած են զանազան քանդակներով և հարթաքանդակներով, իսկ Էդմոն Տիգրանյանի նախագծած «Կապի շենքը» չունի մի դիտանկյուն, որտեղից արվեստի շունչը չզգացվի։ ԽՍՀՄ մոդեռնիստական ճարտարապետության մեջ արդիական էր նաև մոդուլի կիրառումը, որը նույնպես երևում է «Կապի շենքում»՝ մեկ ֆորմայի օգտագործմամբ ստեղծվել է հիմնական ծավալը, իսկ ներքևում հայկական տուֆ քարով ու ռելիեֆային հարթաքանդակներով շարունակվել է Ազատություն պողոտայի ճարտարապետական շունչը։ 

Պողոտայի շենքերին բնորոշ են կամարաշարերն ու կարմիր և նարնջագույն տուֆի կիրառումը։ Հենց սա էլ մեզ համար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել, և «Ազատություն» համալիրի  առաջին չորս հարկերի տեսքն այդ տրամաբանությամբ ենք շարունակել։ 

Կապի շենքի բետոնե «բլոկերը» փորձել ենք կիրառել մեր կոնցեպտում արդեն՝ ուղղանկյան տեսքով, բազրիքների ու պատուհանների պրոֆիլների միջոցով։ Ձևավորվել է առանձին ապակեպատ գոտի, որն էլ ավելի ընդարձակ ու լուսավոր է դարձնում կառույցը։ 

Նարբեհ Բեդրոսյան. Մեզ համար կարևոր էր նաև այն հանգամանքը, որ նախկինում ճարտարապետների հետ սերտ կապի մեջ են եղել արվեստագետները, և նրանց ստեղծագործությունները եղել են ճարտարապետական ծավալի մաս։ Այս ավանդույթը ևս շարունակելու համար կոնցեպտում նախատեսել ենք, որ երկու մասնաշենքերի միացնող հատվածում արվեստի որևէ գործ կտեղադրվի։ Միջազգային ոլորտում դա ընդունված փորձ է, և պետական մակարդակով կառուցապատողների առջև խնդիր է դրվում հատուկ տեղ հատկացնել արվեստի համար։ Մեզ համար ուրախալի էր, որ մասնավոր ընկերությունը՝ կառուցապատողն է նման հայտ ներկայացրել։ Ուստի առաջիկայում մենք մրցույթ ենք հայտարարելու արտ ինստալյացիայի նախագծեր ստանալու նպատակով, քանի որ ցանկանում ենք այդ գործում ներգրավել տաղանդավոր մասնագետների ինչպես Հայաստանից, այնպես էլ Սփյուռքից։ 

01-1.jpg (346 KB)
«Ազատությունը» բազմաֆունկցիոնալ համալիր է՝ դրան բնորոշ բոլոր տարրերով

Նարբեհ Բեդրոսյան. Ի սկզբանե նախագիծն ուներ Երևանի քաղաքապետարանի կողմից հաստատված ճարտարապետահատակագծային առաջադրանք, ինչը ենթադրում էր որոշակի սահմանափակումներ, որոնց պետք է հետևեինք։ 

Կետերից մեկն այն էր, որ Ազատության պողոտայի կողմից շենքը պետք է ունենար 63 մետր բարձրություն, իսկ մյուս կողմից՝ չգերազանցեր 8 հարկը։ Մենք հստակ պահպանեցինք այս կանոնները, նույնիսկ նախագծեցինք թույլատրելի 8-ի փոփարեն 7 հարկ։ Արդյունքում ստացանք սեղանաձև երկու շենք, որոնք միմյանց միանում են ստորգետնյա հատվածով, իսկ ընդհանուր առմամբ՝ ունեն հստակ բաժանում՝ առանձին նշանակություններով և ենթակառուցվածքներով։ Համալիրն ունի եռահարկ ստորգետնյա ավտոկայանատեղի 140 ավտոմեքենայի համար, մեջտեղում բակային գոտին է։ 

Համալիրը գլխավոր մուտք ունի Ազատության պողոտայից։ Այդ հատվածում են լինելու նաև ցուցասրահներ, հասարակական այլ գոտիներ, որոնցից դեպի բնակելի հատված մուտք չի լինելու, այսինքն՝ կարողացել ենք առանձնացնել այս երկու նշանակության հատվածները դրանց առավել արդյունավետ ու հարմարավետ կիրառման համար։ 

02.2.jpg (363 KB)

«Ազատությունը» նախագծված է հենց տվյալ տեղադիրքի համար 

Աիդա Այդինյան. Համալիրն իր ամբողջ պարագծով կանաչապատվելու է։ Բացի դա, հարակից կան բազմաթիվ բարեկարգ այգիներ ու խաղահրապարակներ։ Շենքը շրջապատված է որոշակի կառույցներով ու ենթակառուցվածքներով, այդուհանդերձ, այն, որպես բնակելի համալիր, ունի բավականաչափ ազատ, «շնչող տարածություն», ինչն ավելի առանձնահատուկ է դարձնում համալիրը։ 

Համալիրի մի ուղղությունից տեսարան է բացվում դեպի Արագած լեռ և «Երազ այգի», հարավից տեսարան ունենք դեպի «Կապի շենք» և Արարատ լեռ, համալիրի հակառակ կողմից՝ ետնամասից երևում է Արա լեռը։ Համալիրի  թեքությունն օգտագործելով փորձել ենք ստանալ ոչ միայն ընդարձակ ու լուսավոր բնակարաններ, այլև տեռասաներ։ 

Համալիրի վրա աշխատել է առաջատար, երկրի լավագույն կոնստրուկտորներից մեկը՝ Վրեժ Ասատրյանը։ Ինժեներական մասով ևս կառույցը եզակի է․ այն ունի կենտրոնացված համակարգեր։ Վերջինս երկու դրական կողմ ունի՝ նախ խնայող է, և երկրորդ՝ ձևավորում է մեկ համայնքի գաղափարն ու հասկացությունը։ 

Այս շենքը հենց այս տարածքի համար է նախագծված. այն չի կարող ուրիշ տեղում լինել։ 

Նարբեհ Բեդրոսյան. Մենք փորձել ենք ստանալ այնպիսի նախագիծ, որը միավորում է հայ ճարտարապետական վառ միտքը, ժամանակակից ու նորարար մոտեցումներն ու կառուցապատման ոլորտի վերջին միտումները։ Ուստի մեզ համար մեծ ուրախություն և պատասխանատվություն է լինել նմանատիպ նախագծի հեղինակը։ 

03.jpg (318 KB)


 
 
 
 
  • Արխիվ